Իսրայելցի զբոսաշրջիկների վրա հարձակումն իրագործել է մահապարտ-ահաբեկիչը: Նման եզրակացության է հանգել ոստիկանությունը` քննելով Բուրգաս քաղաքի օդանավակայանի ահաբեկչության գործը:

Ինչպես տեղեկացնում է rbc-ն, փորձագետները զոհերի շարքում գտել են նաեւ հանցագործին: Ինչպես պարզվել է, ավտոբուսում գտնվող տղամարդը նախքան այդ հայտնվել էր փողոցի վերահսկող տեսախցիկի տեսադաշտում: Նա մարզահագուստով էր, երկար մազերով: Պայթյունի արդյունքում նրա դեմքը բավական այլանդակվել է, սակայն գրպանում հայտնաբերվել է ԱՄՆ-ի քաղաքացու` Միչիգանի բնակչի կեղծ անձնագիր:

Ինչպես պարզվել է, ոչ ՀԴԲ-ի, ոչ Բուլղարիայի սահմանապահ ծառայության բազաներում այդ քաղաքացու մասին տվյալներ չկան: Միանգամայն անհասկանալի է` ինչպես է նա մտել երկիր եւ որտեղ է հանգրվանել:

Ինչպես հայտնել էր NEWS.am-ը, բուլղարական  Բուրգաս քաղաքում` տեղի օդանավակայանից ոչ հեռու, հուլիսի 18-ին պայթել է իսրայելցի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը, ինչի արդյունքում վերջին տվյալներով 7 մարդ զոհվել, 29-ը վիրավորվել են:

Օդանավակայան ժաամանելուց հետո զբոսաշրջիկները, ենթադրվում է` բոլորն էլ Իսրայելի քաղաքացիներ, նստել են զբոսաշրջային ավտոբուս` իրենց կացարան հասնելու նպատակով: Մի քանի րոպե անց պայթյուն է որոտացել:

Բուրգասը երկրում բնակչության թվով չորրորդ քաղաքն է եւ մշակութային ու տնտեսական կարեւոր կենտրոն: