Ելնելով բազում պատճառներից` երկաթուղային հաղորդակցության վերականգնումը Հայաստանից Ռուսաստան Աբխազիայի տարածքով այնքան էլ իրատեսական չէ: Հուլիսի 19-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ, Կոկվասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

Մեկնաբանելով խոսակցությունների ակտիվացումը, այդ թվում Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի Երեւան կատարած այցի ընթացքում, Մինասյանը նշել է,թ ե խոսակցությունները նոր չեն, հարցը նախկինում էլ քննարկվել է: Սակայն, ըստ Մինասյանի, երկաթուղին անցնում է Աբխազիայի  տարածքով, եւ Վրաստանը նրան ներգրավելու մեխանիզմներ չունի: «Ճանապարհի ներգրավումը կարող է նշանակել, որ Վրաստանը համակերպվել է կատարվածի հետ: Այդ համատեքստում երկաթուղային ահղորդակցության շուտափույթ վերականգնման հույսերը գերազանցված են»,- կարծում է Սերգեյ Մինասյանը:

Խոսելով Հարավային Կովկասում իրավիճակի մասին եւ համեմատելով իրավիճակը երեք երկրներում` քաղաքագետը կարծիք է հայտնել, որ Հայաստանն այս պահին ամենաբազմակարծ երկիրն է: «Քաղաքական բոլոր լուրջ ուժերը ներկայացված են խորհրդարանում»,- հիշեցրել է Մինասյանը` հավելելով, որ նույն Վրաստանում վիճակն այլ է: