Լեռնային Ղարաբաղում ընտրություններ անցկացնելու վերաբերյալ որոշ երկրների ու կազմակերպությունների կողմից բացասական գնահատականները բոլորովին չեն նշանակում, որ այդ երկրներն ու կազմակերպությունները շփումներ չունեն ԼՂՀ իշխանությունների հետ: Այս մասին, այսօր` հուլիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը, նա նշել է, որ այն, բնկանաբար, թելադրված էր Անկարայի շահերով եւ «կրտսեր եղբոր»` Ադրբեջանի հանդեպ հատուկ հարաբերություններով:
«Ոչ մի նոր բան չի ասվել: Անցած տարիներին մենք արդեն սովորել ենք նման հարձակումներին»,-նշել է Մինասյանը, հավելելով, որ այն լուրջ հետեւանքներ չի ունենա, հատկապես հաշվի առնելով Թուրքիայի երկակի ստանդարտների քաղաքականությունը եւ նրա դիրքորոշումը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ, որոնք այսօր սառեցված են Թուրքիայի մեղքով:
Փորձագետի խոսքով, Հայաստանի ԱԳՆ պատասխանը, որը հնչեցրել է փոխնախարար Շավարշ Քոչարյանը, բավական խիստ էր:
Խոսելով ԼՂՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ բացասական գնահատականների մասին, քաղաքագետն ընդգծել է, որ այդ բացասական դիրքորոշում հայտնող երկրների ու կազմակերպությունների ներկայացուցիչները Ստեփանակերտում եւ Երեւանում բազմաթիվ հանդիպումներ են ունեցել ԼՂՀ ղեկավարների հետ, ավելին նրանք երբեմն գաղտնի այցելում են ԼՂՀ:
Նրա ներկայացմամբ, ԼՂՀ-ում ընտրություններ անցկացնելու դեմ ուղղված հայտարարությունները պրակտիկ ազդեցություն չունեն եւ ավելի շատ ուղղված են նրան, որպեսզի թույլ չտան Ադրբեջանին դուրս գալ բանակցային գործընթացից:
Սերգեյ Մինասյանը նկատել է, որ Հայաստանի ու Ղարաբաղի համար անվտանգությունն ավելի կարեւոր է, քան ընտրությունների ճանաչումը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























