Դուբայի դատախազությունը հանել է բոլոր մեղադրանքները Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովի վրայից, որը 2009թ.-ից Ինտերպոլի հետախուզման տակ էր Ռուսաստանի հերոս Սուլիմ Յամադաեւի սպանության գործով, հաղորդում է Չեչնիայի կառավարության կայքը` վկայակոչելով Զիյադ Սաբսաբիին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա Դուբաայում ներկայացնում էր Դելիմխանովի շահերը:
«Իմ ձեռքում Դուբայի Գլխավոր դատախազության ղեկավարի ստորագրած փաստաթուղթն է, որում տեղեկացվում է հետախուզումը դադարեցնելու մասին», - Սաբսաբիի խոսքերը մեջբերում է Չեչնիայի կառավարության կայքը:
Սենատորի խոսքով` «հետախուզումը դադարեցնելու հարցը քննարկելիս խստորեն պահպանվել են էմիրությունների օրենսդրական պահանջները ու այդ երկրում գործող շարիաթի նորմերը»:
Հիշեցնենք, պատգամավոր Դելիմխանովի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել Ռուսաստանի հերոս Սուլիմ Յամադաեւի սպանության գործով, նա ժխտում էր իր դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները:



























