Դամասկոսի Ալ-Միդան թաղամասում բանակային ստորաբաժանումների կողմից զինված ընդդիմադիրներին հետապնդելու արդյունքում նրանցից շատերն սպանվել կամ ձերբակալվել են, հայտնում է սիրիական պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը:

Մայրաքաղաքային Քաբուն եւ Թիշրին թաղամասերում հաջող գործողություններ են անցկացվել բնակիչներին իրենց տները հարկադրաբար լքելու դրդած ահաբեկիչների դեմ: Ընդդիմադիրները մարդկային զգալի կորուստներ են ունեցել, շատերը ձերբակալվել են:

Եւս երկու հատուկ գործողություն իրականացվել է Հաջար Ալ Ասվադ շրջանում եւ Դամասկոսի մոտ գտնվող Սբենա ավանում:

Ընդդիմադիրներից շատերը շրջափակել են փողոցները եւ իրավապահների վրա հարձակման փորձ կատարել, նրանցից շատերը ոչնչացվել են, վիրավորվել կամ ձերբակալվել: Քաֆր-Սուսա մայրաքաղաքային շրջանում հատուկ ստորաբաժանումները ընդդիմադիրներին հետապնդելու գործողություն են իրագործել, արդյունքում մեծաթիվ զինված ընդդիմադիրներ զոհվել կամ վիրավորվել են, հայտնում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը:

Միաժամանակ, Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապես Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ չի քննարկել սիրիական առաջնորդ Բաշար Ասադի հնարավոր մեկնումը Մոսկվա, գրում է  «ՌԻԱ Նովոստին»:

Ուշակովը, պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինն Էրդողանի հետ հանդիպմանը կամ Օբամայի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ասադի հետագա ճակատագրի հարցը, այդ թվում` Ռուսաստան տեղափոխվելու հնարավորությունը, նշել է. «Ոչ մեկի հետ դա չի քննարկվել»: