Գերմանիայում բացվել է ատելության առաջին «թեժ գիծը», որտեղ ամեն մի ցանկացող կարող է զանգահարել, ճչալ եւ հայհոյել, հայտնում է dapd-ը: Նման հեռախոսային ալիք բացելու գաղափարը պատկանում է Ռալֆ Շուլտիեին եւ Ալեքսանդր Բրանդենբուրգին, որոնք գովազդային գործակալության աշխատակիցներ են: Ըստ «ատելության թեժ գծի» հիմնադիրների` մարդկանց երբեմն անհրաժեշտ է դուրս մղել իրենց զգացմունքները, հաղորդում է  Lenta.ru-ն:

Ըստ Շուլտիեի եւ Բրանդենբուրգի` զայրացած հաճախորդների  հետ շփվելիս նրանք  վիրավորանքներ են լսում րոպեում 1 եվրո 49 ցենտի համար: «Ատելության թեժ գծի» օպերատորները նշում են, որ զանգեր են ընդունում օրը 16-18 անգամ: Ծառայությունն սկսել է գործել Վիսբադենում ընդամենը մի քանի շաբաթ առաջ:

Գերմանացիների գաղափարը քննադատներ էլ ունի: Կարծիք էր հայտնվել, որ հեռախոսով հայհոյելը մարդուն չի օգնում, այլ ավելի շուտ խորացնում է  նրա զայրույթը եւ բացասական ազդեցություն է թողնում նրա հոգեկանի վրա: Շուլտիեն եւ Բրանդենբուրգը պատասխանում են, որ իրենց գիծը դրական են համարում, խոսելով, մարդը հանգստանում է եւ կարողանում է շարունակել շփվել մարդկանց հետ` նրանց վրա չբարկանալով: 

Ընդ որում «ատելության թեժ գծի» հիմնադիրները հայտարարել են, որ չեն պատրաստվում շփվել ակնհայտ հոգեբանական սթրես ունեցող մարդկանց հետ: Եթե նման մարդու հետ խոսակցությունը դուրս գա վերահսկողությունից, նրան խորհուրդ կտան հանգստանալ եւ դիմել մասնագետի օգնությանը: