Լեռնային Ղարաբաղի նախագահի ընտրություններն ընթանում են պատշաճ մակարդակով:  Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Կիպրոսի դիտորդ Յանիս Խարալամպիդիսը: Ըստ նրա` ԼՂՀ-ում դեմոկրատական ինստիտուտների ամրապնդման եւ աճի դրական առաջընթաց է նկատվում, եւ երկրում ընթացող ընտրությունները դրա վառ վկայությունն են:  

«ԼՂՀ-ում դեմոկրատիան զարգանում է: Պետք է շարունակել բարեփոխումներն այդ ուղղությամբ` էլ ավելի  էական արդյունքների հասնելու համար», - նշել է զրուցակիցը:

Պատասխանելով այն  հարցին, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ, ամենայն հավանականությամբ, նրա անունն արդեն Ադրբեջանի «սեւ ցուցակում է» որպես Լեռնային Ղարաբաղ այցելած անձ, Յանիս Խարալամպիդիսը ծիծաղել է. «Ինձ դա չի հուզում, դա նրանց խնդիրն է»:

Նշենք, որ հուլիսի 19-ին ԼՂՀ-ում նախագահական ընտրություններ են ընթանում: 15:00-ի դրութամբ քվեարկել է ընտրողների 49,9%-ը:

Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում են երեք թեկնածուներ` Հայաստանի պետական ագրարային համալսարանի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Իվանի Սողոմոնյանը (1962թ.), ԼՂՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիտալի Միխայիլի  Բալասանյանը (1959թ.) եւ ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը:

ԼՂՀ-ի նախագահի նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 2007 թվականի հուլիսի 19-ին: Նախագահ էր ընտրվել Բակո Սահակյանը, որը, ըստ պաշտոնական տվյալների, հավաքել էր 85.12% ձայն: