Հայաստանն այս տարի երկրորդ անգամ կմասնակցի «International Best  Male and Female Model World» եւ «Costa Blanca Fashion Week» մոդելների եւ դիզայներների ամենամյա միջազգային մրցույթին: Այդ մասին հուլիսի 19-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում եւ ԱՊՀ երկրներում մրցույթի բացառիկ  եւ պաշտոնական ներկայացուցիչ, «Sukier Model International» իսպանական կազմակերպության ներկայացուցիչ Դավիթ Ղարիբյանը:

«Մենք ուզում ենք, որ մարդիկ մեր երկրում ավելի շատ իմանային բուն մրցույթի մասին, նաեւ այն մասին, որ Հայաստանը մասնակցում է միջազգային մասշտաբի միջոցառումներում»,- ընդգծել է Ղարիբյանը` հավելելով, որ չնայած մոդելային բիզնեսը դեռ թույլ է զարգացած Հայաստանում, մարդկանց մեծ խումբ է աշխատում հայ մոդելներին եւ դիզայներներին առաջ մղելու համար:

Նրա խոսքով, «Costa Blanca Fashion Week» եւ «International Best  Male and Female Model World» փառատոնի նպատակն է նոր տաղանդների գտնել մոդելային բիզնեսի ոլորտում: Ստեղծման պահից հետո 10 տարվա ընթացքում մրցույթը համաշխարհային ճանաչում է ձեռքբերել, եւ տարեցտարի նորանոր մասնակիցներ են միանում:

Այս տարի մոդելների մրցույթում Հայաստանը ներկայացնելու ե Արթուր Մուրադյանն ու Սեդա Տոնոյանը, իսկ դիզայներների մրցույթում` Թումաս Երանոսյանն ու Ալիսա Հարությունյանը: Մրցույթը կայանալու է հուլիսի 20-ից 30-ը: