Բուլղարական Burgas News պարբերականը հրապարակել է Բուգասի օդանավակայանում ահաբեկչության գլխավոր կասկածյալի լուսանկարը, հաղորդում է rbc.ru-ն: Ոստիկանության տարածած լուսանկարում կարելի է տեսնել կապույտ մարզաշապիկով, սեւ ակնոցներով եւ ուսապարկով տղամարդու, ով պայթյունից մեկ ժամ առաջ հանգիստ կանգնած է սպասասրահում:

Որոշ ժամանակ անց նրան նկատել են նաեւ կայանատեղիում, որտեղ իսրայելցի զբոսաշրջիկներին սպասում էր ավտոբուսը:  Նրա այլանդակված մարմինը հայտնաբերվել է դեպքի վայրում: Նրա գրպանում ամերիկյան փաստաթղթեր են գտել, որոնք կեղծ են եղել:

Տղամարդը հաշվառված չի եղել ոչ ՀԴԲ-ի, ոչ էլ բուլղարական հատուկ ծառայությունների տվյալների բազայում: Ահաբեկչի ինքնությունը պարզվում է:

Միաժամանակ, վերջին դեպքերի հետ կապված Բուլղարիայի ափերին են մոտենում ՆԱՏՕ-ի նավերը, որոնք մոտեցել են Վառնայի ափերին: Վառնայում անվտանգության աննախադեպ միջոցառումներ են իրականացվել, քանի որ Բուրգասի օդանավակայանի փակվելուց հետո հենց այստեղ են ժամանում միջազգային չվերթների օդանավերը:

Մեքենաներին թույլ են տալիս կայանել օդանավակայանից բավական հեռու, եւ բոլոր վարորդներին ստուգում են: Օդանավակայան թույլ են տալիս մուտք գործել միայն տոմս ունեցող ուղեւորներին, որոնց եւս ստուգում են: Սա արդեն հերթերի պատճառ է դարձել:

Սպասվում է, որ Բուրգասի օդանավակայանը կբացվի այսօր երեկոյան: Բուլղարիայի ՆԳ նախարար Ցվետանա Ցվետանովայի խոսքով, ահաբեկչության զոհ է դարձել ոչ թե 8, այլ 7 մարդ, այդ թվում ահաբեկիչը: