Նախկին ատամնաբույժ եւ Սիլվիո Բեռլուսկոնիի անձնական օգնական Նիկոլ Մինետտին, ով այժմ ներկայացնում է նրա «Ազատության ժողովուրդ» կուսակցությունը Լոմբարդիայի տարածաշրջանային ասամբլեայում, նախկին վարչապետից մեկ միլիոն եվրո կամ նրա մեդիահոլդինգի հեռուստաալիքներից մեկի ազդեցիկ պաշտոններից մեկն է պահանջել: Ինչպես գրում է The Daily Telegraph-ը, Մինետտին այդ պայմանն առաջ է քաշել` ի պատասխան պաշտոնը լքելու նախկին շեֆի պահանջի:
Մինետտին կուսակցության անդամ է դարձել եւ Լոմբարդիայում պաշտոն ստացել շնորհից նախկին վարչապետի հովանավորության, սակայն անհարմար անձ է դարձել վարչապետի պաշտոնին հավակնող Բեռլուսկոնիի համար: Լրագրողներին հայտնի է դարձել, որ աղջկան կանչել ե Բեռլուսկոնիի նստավայր եւ ներկայացրել պահանջները, սակայն երկխոսության արդյունքների մասին դեռ չի հաղորդվում:
Նիկոլ Մինետտիի անունն անցնում է նաեւ «Բունգա-բունգա» երեկույթների գործով, ըստ քննության տվյալների, նա հավաքագրել է անչափահաս մարմնավաճառների:




























