Ռուսաստանն ու Չինաստանն արգելափակել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը` Սիրիայի դեմ պատժամիջոցների մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Օգտվելով վետոյի իրավունքից, երկու երկրների պատվիրակությունները դեմ են քվեարկել Մեծ Բրիտանիայի կողմից ներկայացված բանաձեւի դեմ, որը ենթադրում են պատժամիջոցների կիրառում իշխանության եւ ընդդիմության դեմ` բռնությունները շարունակելու դեպքում: Ռուսաստանն ու Չինաստանը հայտարարել են, թե կողմ են քաղաքական երկխոսությանը եւ դեմ պատժամիջոցներին, որոնք գործնականում ուղղված են միայն Սիրիայի կառավարության դեմ, քանի որ ընդդիմությունն իրենից ներկայացնում է պառակտված խմբեր, որոնց մեծ մասը ոչ մեկին չի ենթարկվում:

Միեւնույն ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մասնակցել է երկրի նոր պաշտպանության նախարարի երդմնակալության արարողությանը, տեսագրությունը ցույց է տվել պետական հեռուստատեսությունը` հերքելու լուրերը, թե Ասադը լքել է Դամասկոսն ու գտնվում է Լաթաքիայում: