Վալ Փաթերսոնի հուզիչ մահախոսականն իրադարձություն է դարձել ամերիկյան Յութա նահանգում: Թաղման բյուրոյի կայքը չի դիմացել այցելուների հոսքին եւ տեղական The Salt Lake Tribune թերթը որոշել է հրապարակել մահացողի վերջին խոսքը, հաղորդում է NEWSru.com-ը:
Սեփական մահախոսականում տղամարդը խոստովանում է, որ երբեք գիտական կոչում չի ստացել, գողացել է հյուրանոցի չհրկիզվող պահարանը, աղտոտել է գեյզերն ու բազում այլ մեղքեր գործել: Վալ Փաթերսոնն իր հուղարկավորությունն անվանել է կյանքի տոն եւ խորհուրդ տվել. «Եթե ուզում եք հավերժ ապրել, շարունակեք շնչել, ինչպես ես»:
Փաթերսոնը մահացել էր հուլիսի 10-ին, կոկորդի քաղցկեղից:
Նա գյուտարար է եղել եւ հավատում էր, որ ամենը, ինչ կարելի է կոտրել, կարելի է եւ սարքել: Նա նշել է, թե հասցրել է ամեն ինչ, լինել այնտեղ, որտեղ ցանկանում է, աշխատել այնտեղ, որտեղ ցանկանում է, սովորել է այն, ինչ երազել է: Նրա մահախոսականը ժպիտ է առաջացնում եւ ոգեշնչում ընթերցողներին` ապրել լիարժեք կյանքով: Փաթերսոնի ընթերցողներն իրենց մեկնաբանություններում շնորհակալություն են հայտնում նրան: Տղամարդը գրել է, թե ապրել է լիարժեք կյանքով շնորհիվ իր կնոջ` «պաշտելի Մերի Ջեյնի»:




























