Պարզունակ բժշկության հմտությունները հայտնի են եղել նեանդերթալցիներին, որոնք բնակվում էին Իսպանիայի հյուսիսում` Էլ-Սիդրոն քարանձավում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Գիտնականները պարզել են, որ մեր նախնիները օգտվել են երիցուկներից եւ հազարաթերթիկներից: Այդ մասին են վկայում ատամների վրա քարացած բուսական շաքարի հետքերը:

Բարսելոնայի Ինքնավար համալսարանի գիտնականների խմբի ղեկավար Կարեն Հարդիի խոսքով, Էլ-Սիդրոն քարանձավը ուշադրության էր արժանացել դեռ 1994թ.: Այն ժամանակ հայտնաբերել էին 13 նեանդերթալցիների մնացորդներ, ներառյալ` ծնոտ, ատամներ եւ ոսկորներ: Այստեղ ապրել են 47-50 հազար տարի առաջ:

Սակայն միայն այժմ գիտնականներին հաջողվել է առանձնացնել եւ վերլուծել ատամների վրա քարացած մնացորդները:

Ատամնափառի մեջ գտել են բուսական ուտելիքի մնացորդներ: Ընդ որում, ըստ ամենայնի, բույսերը ջերմամշակվում էին:

Բացի այդ, հայտնաբերվել են դեղաբույսերի մնացորդներ: Երիցուկն ու հազարաթերթիկը սննդային նվազագույն արժեք ունեն, ուստի օգտագործվել են որպես դեղամիջոցներ:

Երիցուկը լավ հակաբորբոքային է, իսկ հազարաթերթիկը կանգնեցնում է արյունը: