ԼՂՀ նախագահական ընտրությունները պարզապես իդեալական են անցնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԼՂՀ նախագահական ընտրությունների դիտորդ, Կանադայի խորհրդարանի պատգամավոր Ջիմ Կարիղանիսն, ընդգծելով, որ ինքն անձամբ եղել է 20-25 ընտրատեղամասերում եւ ոչ մի տեղ որեւէ խախտում չի նկատել:
«Ամեն ինչ տեղի է ունենում բարձր մակարդակով, ոչ ոք չի խոչընդոտում ընտրական գործընթացին, քվեատուփերը լցվում են օրենքով հաստատված նորմերի համապատասխան: Իմ հետ զրույցում ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչները եւ շարքային ընտրողները բավարարված էին ընտրությունների ընթացքով: Շուրջբոլորն ուրախ ու երջանիկ դեմքեր էին»,-հայտարարել է նա, հատուկ նշելով ընտրողների բարձր մասնակցությունը:
Հարցին, թե ԼՂՀ նախագահական ընտրությունները համապատասխանո՞ւմ են միջազգային ստանդարտներին, Կարիղանիսը կարճ պատասխանել է. «Միանշանակ»:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի «սեւ ցուցակին», որում հայտնվում են առանց իրենց իմացության Լեռնային Ղարաբաղ այցելողները, կանացադի պատգամավորն ասել է հետեւյալը. «Գիտեք, ես ուրախ եմ, որ այստեղ եմ գտնվում: Ինձ հրավիրել են հայ համայնքի ներկայացուցիչները եւ ես ուրախությամբ համաձայներ եմ: Ես էլ ավելի երջանիկ կլինեմ, եթե ինձ որպես դիտորդ հրավիրեն Ադրբեջանում ընտրությունները դիտարկելու»:
Հիշեցնենք, որ պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում են երեք թեկնածուներ` Հայաստանի պետական ագրարային համալսարանի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Իվանի Սողոմոնյանը (1962թ.), ԼՂՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիտալի Միխայիլի Բալասանյանը (1959թ.) եւ ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը:
ԼՂՀ-ի նախագահի նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 2007 թվականի հուլիսի 19-ին: Նախագահ էր ընտրվել Բակո Սահակյանը, որը, ըստ պաշտոնական տվյալների, հավաքել էր 85.12% ձայն:




























