Թունիսի նախկին նախագահ Զին ալ-Աբիդին բե Ալին այսօր` հուլիսի 19-ին, երկրորդ անգամ հեռակա դատապարտվել է ցմահ ազատազրկման` 2011-ի հեղափոխության ժամանակ 43 ցուցարարների սպանությանն առնչություն ունենալու համար, հաղորդում են արաբական լրատվամիջոցները:

Ներկայումս բեն Ալին գտնվում է Սաուդյան Արաբիայում, որտեղ նա փախել է ընտանիքի հետ` հեղաշրջումից հետո:

Նախագահի անվտանգության ծառայության պետ Ալի Սերիատին նույն մեղադրանքով դատապարտվել է 20 տարվա ազատազրկման, իսկ Թունիսի ՆԳՆ նախկին ղեկավար Ռաֆիկ Բելհաջ Քասեմը` 15 տարվա ազատազրկման:

Նշենք, որ մեկ ամիս առաջ Թունիսի նախկին նախագահն արդեն մեկ անգամ դատապարտվել էր ցմահ ազատազրկման` ավելի քան 300 ցուցարարների սպանությանն առնչություն ունենալու համար: Բացի այդ, բեն Ալին հեռակա կարգով մի քանի անգամ դատապարտվել է 16-35 տարվա ազատազրկման` կոռուպցիայի, մեքենայության, պետական միջոցների յուրացման եւ թմրամիջոցներ պահելու մեղադրանքներով: