Լեռնային Ղարաբաղի բարձունքների հանգստությունը թյուրիմացության մեջ է գցում, որովհետեւ շուրջ 20 տարի սառեցված հակամարտությունը, որի շուրջ վիճում են Հայաստանը, Ադրբեջանն ու ժողովուրդը, որն այսօր ընտրում է իր նոր առաջնորդին, դանդաղ գործողության ռումբ է: Այս մասին գրում է ֆրանսիական Nice-Matin-ը` վկայակոչելով France-Presse գործակալությունը:
Շփման գծում միայն քամու ձայնն է լսվում, սակայն Մարտակերտի զինվորները շատ լավ գիտեն, որ կրակոցները կարող են սկսվել ցանկացած ժամանակ: Մարտակերտում ընդամենը 30 մետր է բաժանում հայկական եւ ադրբեջանական զորքերին այն պահից, երբ 1994-ին կնքվեց հրադադարի պայմանագիրը: Մինչ այդ 6-ամյա պատերազմի ժամանակ զոհվել է շուրջ 30 հազար մարդ, 100-հազարավոր մարդիկ փախստական են դարձել:
Լեռնային Ղարաբաղը գլխավորել ցանկացող երկու հիմնական թեկնածուներն են անվտանգության նախկին նախարար բակո Սահակյանն ու գեներալ վիտալի Բալասանյանը: Նրանք շեշտը դնում են անվտանգության վրա, չբացառելով նաեւ պատերազմի հավանականությունը: «Եթե Բաքուն պատերազմ սկսի, Ղարաբաղի բանակի արձագանքը վայրկենական կլինի»,-ասել է Սահակյանը:
ԼՂ խնդրի կարգավորման համար զգալի միջազգային ջանքերի բացակայությունը եւ իշխանությունների վրա ներքին ճնշումը երկու երկրներում կարող է հանգեցնել իսկական պատերազմի, հայտարարել է փորձագետ Սվանտե Կորնելը: «Այս իրավիճակը չի կարող անվերջ շարունակվել, ինչ-որ պահի այն պայթելու է: Սա դանդաղ գործողության ռումբ է: Եթե ոչ ոք ոչինչ չի անում, ես չեմ հասկանում, դա ինչպես կարող է չվերածվել եւս մեկ զինված հակամարտության»,-ասել է նա AFP-ին:
«Ադրբեջանցիներն ամեն օր կրակում են: Երբ դա երկար է տեւում, մենք պատասխան գործողությունների ենք դիմում»,-ասել է ԼՂ բանակի գնդապետ Ջալալ Հարությունյանը:
Ադրբեջանը, որի ռազմական բյուջեն զգալիորեն ավերացել է վերջին տարիներին, բազմիցս սպառնացել է ուժ կիրառել, որպեսզի վերադարձնի Ղարաբաղը: Իր կողմից Հայաստանը նշում է, որ չի վախենում ռազմական գործողությունների վերսկսումից:




























