Հայաստանի հանրապետական կուսակցությունը այսօր` հուլիսի 19-ին, Գործադիր մարմնի նիստ է գումարել, որի ընթացքում քննարկել է ներկուսակցական աշխատանքային հարցեր: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Գալուստ Սահակյանը նշել է, թե Գյումրիի քաղաքապետի հնարավոր թեկնածուի հարց չի քննարկվել: Չեն քննարկվել նաեւ, թե ովքեր են զբաղեցնելու փոխնախարարների պաշտոնները:
Լրագրողներից մեկի հարցին, թե քննարկվե՞լ է արդյոք օրերս Արմավիրում հանրապետական պատգամնավոր Նահապետ Գեւորգյանի որդու հետ կապված միջադեպը, Գալուստ Սահակյանը պատասխանել է, թե այդ հարցը չի քննարկվել: «Գործադիրը ոչ քննչական, ոչ ոստիկանական մարմին է, ոչ էլ հետաքննում է, այն լիազորված մարմին է եւ միջամտելու իրավունք չունի»: Սահակյանը, ի դեպ, խոսել է Նահապետ Գեւորգյանի հետ, ով այժմ Հայաստանում չէ: ՀՀԿ փոխնախագահը բացառել է, թե Նահապետ Գեւորգյանը կարող է վայր դնել մանդատը Ռուբեն Հայրապետյանի օրինակով:




























