«Առավոտը» գրում է, որ Դավիթ Շահնազարյանի՝ ՀԱԿ-ից դուրս գալուց հետո լուրեր են շրջանառվում, որ հիմա էլ Տիգրան Տեր-Պետրոսյանն է դուրս եկել ՀԱԿ-ից, փակել Էրեբունիում իրենց գրասենյակը եւ Դուբայում է:
«Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբոր որդին՝ Տիգրան Տեր-Պետրոսյանը, խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ի կողմից առաջադրվել էր թիվ 12 ընտրատարածքում, որտեղ հաղթող ճանաչվեց ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը:
Այս առնչությամբ մեզ հետ զրույցում ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը վստահեցրեց, որ Էրեբունիի գրասենյակը չի կարող փակվել. «Առիթ չկա փակելու: Բացառված է, դա գիտեք ումն է՝ Տիգրան Տեր-Պետրոսյանինն է»: Ինչ վերաբերում է նրա՝ Կոնգրեսից դուրս գալուն, տիկին Սարգսյանը պատասխանեց. «Ոչ, բացառվում է: Տիգրան Տեր-Պետրոսյանի հետ երեկ եմ հանդիպել, միասին մի տեղ ենք եղել ամբողջ Կոնգրեսով, բացառվում է դա: Նման բան իրոք չկա: Ուղղակի այնքան շատ են Կոնգրեսի շուրջ խոսակցութունները, որ ամեն մի ստից առիթ համարում են ինչ-որ բան՝ Կոնգրեսի անդամության դադարում»: Մենք ճշտեցինք՝ բայց եղե՞լ է Տիգրանի հետ որեւէ խնդիր ընդհանրապես՝ Լյուդմիլա Սարգսյանը հավաստիացրեց, որ չի եղել, ինքը ընդհանրապես է խոսում՝ վերջին շրջանի իրադարձություններից ելնելով:
...Ավելի ուշ Տիգրան Տեր-Պետրոսյանը վստահեցրեց, որ ինքը Կոնգրեսում է ու այնտեղից դուրս գալու ցանկություն չունի: Նրա խոսքերով՝ «Ընդհանրապես չի եղել իմ՝ Կոնգրեսից դուրս գալ-չգալու հարց»: Նա բացատրեց, որ Էրեբունիի շտաբի տարածքը իրենք փակել են, որովհետեւ շատ մեծ տարածք է եւ այս պահին իմաստ չունի այն օգտագործել. «Ավելի հարմար տարածք ենք գտել, դա շատ մեծ էր, 400 քմ մենակ շտաբն օգտագործելու համար անիմաստ է այս պահին: Երբ Կոնգրեսի հետ կապված միջոցառումներ էինք կազմակերպում՝ այդ շտաբում էինք անում: Բայց հիմա ուրիշ տեղ ենք անում այդ միջոցառումները, դրա համար անիմաստ էր պահել: Մտածում էինք փոքրացնել, մի փոքր մասն այդ տարածքի օգտագործենք, թե չէ 400 քմ, այն էլ ոչ կենտրոնական շտաբ իմաստ չուներ օգտագործել: Դիմացն ընտրական փուլ է, 2007-ից դա պահել ենք, 6 ամիս հետո էլ ընտրական փուլ է, բայց քանի որ մենք մի քանի շտաբ ունենք Էրեբունիում, ինչո՞ւ են հենց այդ մեկը նկատել, որ փակվել է»:



























