Թերթը գրում է, որ Ծոմակ Օգանեզովան, որի DIV ակումբը պայթեցրել էին հոմոֆոբ ազգայնականները, այնուամենայնիվ մեկնեց Եվրոպա:

«Այս մասին խոսակցություններն սկսեցին տարածվել այն պահից, երբ դաշնակցական պատգամավորներ Արծվիկ Մինասյանի եւ Հրայր Կարապետյանի վճարած գրավի դիմաց ազատ արձակվեցին պայթեցնողները՝ Արամե եւ Համբիկ Մ.-ները: Ինքը՝ Ծոմակը, մինչեւ վերջերս հերքում էր, որ մտադիր է լքել Հայաստանը: Մեր թերթին նա մեկ ամիս առաջ հայտնել էր, որ մնալու եւ շարունակելու է պայքարել «ֆաշիստական բարքերի» դեմ:

Փաստորեն չդիմացավ՝ ակամայից հաստատելով տարածված կարծիքը, թե իր ողջ «պայքարի» նպատակն ակցիաներ կազմակերպելու ճանապարհով Հայաստանից հեռանալն էր դեպի ապահով Եվրոպա: Նրա ընկերներից մեկը՝ «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» ՀԿ նախագահ Մամիկոն Հովսեփյանը վստահեցնում է, որ Ծոմակ Օգանեզովայի մտերիմներն են նրան համոզել արտագաղթել, ինքը չէր ցանկանում, եւ բացառված չէ, որ կրկին վերադառնա:

Մամիկոն Հովսեփյանը, ում ղեկավարած ՀԿ-ն Ծոմակին փաստաբան է տրամադրել, հայտնեց նաեւ, որ «Դի Այ Վայ» ակումբի պայթեցման փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը դոփում է տեղում, եւ որ ինքն այն ձգձգելու միտում է նկատել»,- գրում է «Հրապարակը»: