Հյուսիսային Կարոլինայի բնակիչ Բոբ Էդվարդսը ողջ է մնացել կայծակի երրորդ հարվածից հետո:

Կայծակը Էդվարդսին հարվածել էր անցած երկուշաբթի, երբ նա Շարլոտե քաղաքի սրճարանից դուրս գալիս ուղեւորվել էր եղել դեպի իր մեքենան: «Ես ուժեղ մանուշակագույն  ցոլք տեսա եւ զգացի, որ  ինչ-որ մի բան հարվածեց կրծքիս, կարծես մուրճով», - պատմել է Էդվարդսը WSOC-TV հեռուստաալիքի շոուին: Նա կորցրել է գիտակցությունը, իսկ երբ արթնացել է, կարողացել է  սողալ սրճարանի դռների մոտ եւ օգնություն խնդրել: 

Էդվարդսը դեռեւս զգում է կայծակի հարվածի հետեւանքները: «Ես ականջներումս խշշոց եմ լսում: Աչքերս չեն կարողանում  կենտրոնանալ, բերանումս մետաղական համ եմ զգում», – հայտնել է նա:

Նա վստահեցնում է, որ իրեն կայծակն արդեն երրորդ անգամ է հարվածել:  Առաջին անգամ դա տեղի է ունեցել 1997 թվականին, հենց նույն ճանապարհին: Երկրորդ անգամ տեղի է ունեցել 2009 թվականին` Յորք քաղաքում:

Էդվարդսը կարծում է, որ դրա մեղքն իր մարմնում եղած մի քանի մետաղական  նյութերն են:

Հետաքրքիր է, որ կայծակը նախընտրում է հարվածել տղամարդկանց: Երկու տարի առաջ կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 1995 - 2008 թթ. կայծակի զոհերի  82%-ը տղամարդիկ են եղել: