Ըստ ճշտված տեղեկությունների, ԲՀԿ-ական պատգամավոր Սամվել Բալասանյանը երեկ այցելել է նախագահական նստավայր: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

«Սույն այցից հետո ԲՀԿ-ն հայտարարել է, որ Գյումրիի քաղաքապետի իրենց թեկնածուն Սամվել Բալասանյանն է: Ինչպես տեղեկացրել էինք, Սերժ Սարգսյանը եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը համաձայնության են եկել Գյումրիի քաղաքապետի թեկնածուի շուրջ, եւ այդ թեկնածուն Բալասանյանն է: Ենթադրվում է, որ վերջինս երեկ նախագահական նստավայր էր այցելել` իր առաջադրման «պաշտոնական հաստատումը» ստանալու: Բալասանյանը երեկ անջատել էր բջջայինը, իսկ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, որն արտերկրում է եղել, չի կարողացել հաստատել կամ հերքել Բալասանյանի` նախագահական նստավայր այցելելու մասին մեր տեղեկությունները: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մեր թղթակցին հայտնել է, որ Բալասանյանի թեկնածության առաջադրումը պայմանավորված է Գյումրիում անցկացված հարցման արդյունքներով:  Նա նաեւ ասել է, որ Գյումրիի քաղաքապետի իրենց մյուս թեկնածուն` պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, որը նույնպես առաջադրվելու պատրաստակամություն էր հայտնել, ցանկանում է մնալ ԱԺ-ում» ,- գրում է «Հայկական ժամանակը»: