Օմանի սուլթանությունում հուլիսի 20-ին ընկել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ուղղաթիռը, որում անձնակազմի 5 անդամներ են եղել: Նրանց ճակատագիրը ներկա պահին ճշտվում է: Այդ մասին հաղորդել է Բահրեյնի Թագավորությունում տեղակայված ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի մամուլի ծառայությունը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Մամուլի ծառայության տվյալներով` Մասկատից 93 կմ հարավ-արեւմուտքում վթարի է ենթարկվել MH-53 ծանր ուղղաթիռը` նախատեսված խոշոր բեռների փոխադրման համար:
Սկսվել է դեպքի հանգամանքների քննությունը, ուղղաթիռի խփվելու վարկածը չի դիտարկվում:
Ընկնելու վայրում գտնվում է այլ MH-53 «Սի Դրեգոն» ուղղաթիռ, որը մասնակցում է որոնողափրկարարական աշխատանքներին:


























