ԿԺԴՀ-ի բանակի Գլխավոր շտաբի ղեկավարի հրաժարականն ուղեկցվել է փոխհրաձգությամբ, որի ընթացքում 20-30 զինծառայողներ են զոհվել: Այդ մասին հուլիսի 20-ին հաղորդում է հարավկորեական «Չոսոն Իլբո» հրատարակչությունը` վկայակոչելով հետախուզության չճշտված տվյալները, գրում է Lenta.ru-ն:
Հրատարակչության տվյալներով` միջադեպը կատարվել է այն ժամանակ, երբ փոխմարշալ Չխվե Րեն Հեն, որը գլխավորում է ԿԺԴՀ-ի բանակի քաղբյուրոն, կատարելով Լի Են Հոյին հեռացնելու վերաբերյալ Կիմ Չեն Ընի հրամանը, փորձել է ձերբակալել Գլխավոր շտաբի ղեկավարին: Վերջինիս թիկնազորը, սակայն, դիմադրել է եւ կրակ բացել:
Հարավկորեական հետախուզության աղբյուրները չեն բացառում, որ Լի Են Հոն այդ ընթացքում վիրավորվել կամ սպանվել է: Այդ վարկածի օգտին է վկայում այն, որ հրաժարականի մասին հայտարարվելուց հետո Լի Են Հոն ոչ մի անգամ չի երեւացել:
NEWS.am-ը հաղորդել էր Կորեայի ժողովրդական բանակի Գլխավոր շտաբի նոր ղեկավարի նշանակման մասին: Նոր ղեկավարը փոխմարշալ Հեն Են Չխոլն է: Լի Են Հոն հյուսիսկորեական հանգուցյալ առաջնորդ Կիմ Չեն Իրի մերձավորներից էր, նա կուսակցության որոշմամբ հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Պաշտոնապես ասվում է, որ Հոն բոլոր պաշտոններից հեռացվել է առողջական խնդիրների պատճառով:
Այլ մանրամասներ չեն նշվում, սակայն շատերն են կասկածի տակ դնում առողջական խնդիրների վարկածը: Լի Են Հոն մի քանի պաշտոններ էր համատեղում. Նա Կորեայի աշխատանքային կուսակցության քաղբյուրոյի կազմում էր` կուսակցության կենտրոնական ռազմական կոմիտեի նախագահի տեղակալը: Նրան Գլխավոր շտաբի ղեկավար էին նշանակել երեք տարի առաջ:



























