Բուլղարական Բուրգաս քաղաքում իսրայելցի զբոսաշրջիկներով ավտոբուսը պայթեցնող ահաբեկիչը եղել է Շվեդիայի հպատակ Մեհդի Գեզալին: Այդ մասին հաղորդել են բրիտանական հեռուստաալիքները, գրում է NEWSru.com-ը:

Ըստ նրանց` Գեզալին որի ծնողները ծնունդով Ալժիրից եւ Ֆինլանդիայից են, մտադիր չի եղել մահապաչտ-ահաբեկիչ դառնալ, այլ որոշել էր ռումբը դնելուց հետո հեռանալ հանցանքի վայրից, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Եղած տվյալներով` 2009թ. Գեզալիին օտարերկրյա 11 այլ քաղաքացիների հետ ձերբակալել էին Աֆղանստանի տարածք ներխուժելու փորձ կատարելիս:

2002-2004թթ. նա պատիժ է կրել Կուբայի ամերիկյան Գուանտանամո ռազմակայանում, հետո հանձնվել է շվեդական իշխանություններին:

Սակայն Շվեդիայի անվտանգության ծառայությունը (SAPO) հերքել է այն տեղեկատվությունը, համաձայն որի Բուրգասի օդանավակայանի ահաբեկչությունն իրականացրել է թագավորության հպատակ Մեհդի Գեզալին:

Միաժամանակ անվտանգության ծառայությունը տվյալներ չունի Մեհդիի գտնվելու վայրի վերաբերյալ, գրում է NEWSru Israel-ը: Իսրայելական լրատվամիջոցների տվյալներով` Գեզալին 33-36 տարեկան է:

Շվեդիայից հետո պայթյունին Գեզալիի մասնակցությունը հերքել են Բուլղարիայի իշխանությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Haaretz թերթին: Բացի այդ, բուլղարացի պաշտոնատար անձինք, որոնց անունները չեն նշվում, ABC հեռուստաալիքին հայտնել են, որ Մեհդի Գեզալին ահաբեկչի իսկական անունը չէ:

Իր հերթին, Պենտագոնը չի հաստատել, որ իսրայելցի զբոսաշրջիկներով ավտոբուսը պայթեցնող ահաբեկչությունը կատարել է Գուանտանամոյի բանտի նախկին կալանավորը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ահաբեկչության հեղինակը երկար մազերով մարդ էր` ԱՄՆ-ից Բուլղարիա ժամանած: Քննիչները սպասում են մեռածի ԴՆԹ անալիզների պատասխանին: