Ձերբակալվել են Թաթարստանի գլխավոր մուֆթի Իլդուս Ֆայզովի դեմ մահափորձի եւ նրա նախկին տեղակալ, Մահմեդականների հոգեւոր վարչության գործիչ Վալիուլլահ Յակուպովի սպանության մեջ կասկածվողները` թվով 4 հոգի: Այս մասին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Հայտնի են ձերբակալվածների անունները. Նրանք են խոշոր գործարար 57-ամյա Ռուստեմ Գատաուլինը, «Վակֆ»-ի ղեկավար, 39-ամյա Մուրատ Գալեեւը, Թաթարստանի Վիսոկոգորսկի բնակիչ 41-ամյա Այրաթ Շաքիրովը եւ հանրապետության Լաիշեւսկի շրջանի բնակիչ 31-ամյա Ազատ Գայնուտդինովը:
Ռուստեմ Գատաուլինը գլխավորում է «ՄՊՑ «Իդել Հաջ» ընկերության տնօրենների խորհուրդը, որի անունը շրջանառվում է մուֆթիի դեմ մահափորձի վարկածում: Գործարարին ձերբակալել են Կազանի օդանավակայանում, որտեղ նա ժամանել էր Մոսկվայից:
Քննչական կոմիտեն հաստատել է, որ մուֆթիին սպանելու փորձը կարող է կապ ունենալ այն բանի հետ, որ նա իր վերահսկողության տակ էր վերցրել Հաջի (ուխտագնացություն Մեքքա) ֆինանսավորումը:




























