Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կայացած ազատ, արդար եւ մրցակցային նախագահական ընտրությունները վկայում են Արցախի իշխանությունների եւ ժողովրդի հավատարմությունը ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` «Արմենպրեսին» մեկնաբանելով Արցախում կայացած հերթական նախագահական ընտրությունները:
«Ողջունելի է ընտրություններին մի քանի տասնյակ միջազգային դիտորդների ներկայությունը, որոնց գնահատմամբ ընտրություններն անցել են կազմակերպված, թափանցիկ, միջազգային չափանիշներին համապատասխան:
Չեմ կարծում, որ ժողովրդավար որեւէ երկրի կողմից կարող է վիճարկվել ժողովրդավարական ընտրությունների միջոցով իշխանությունների ձեւավորման անհրաժեշտությունը եւ կարեւորությունը:
Միջազգային հանրությունը, բնականաբար, պետք է շահագրգռված լինի հարաբերվելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հետ, առավելեւս, որ դա նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի համաժողովի անցկացման մանդատով:
Այս ընտրություններով Արցախի ժողովուրդը հերթական անգամ ապացուցեց ժողովրդավարական ճանապարհով իր ճակատագիրը տնօրինելու վճռականությունը»,-հայտարարել է նա:




























