Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանին:

Շնորհավորանքում, մասնավորապես, նշվում է.

«Մեծապես կարեւոր է, որ ավելի քան 20 տարվա պատմություն ունեցող նորանկախ Արցախը մեկ անգամ եւս ցույց տվեց միջազգային հանրությանը, որ հանդիսանում է կայացած ժողովրդավարական պետություն, ինչի ապացույցը հանդիսացան նախօրեին կայացած համաժողովրդական ընտրությունները:

Կրկին շնորհավորելով ընտրություններում հաղթելու կապակցությամբ` Ձեզ  մաղթում եմ քաջառողջություն եւ նորանոր հաջողություններ հայրենանվեր աշխատանքում, իսկ համայն արցախահայությանը` բարեկեցություն եւ խաղաղ երկինք»:

Նշենք, որ ԼՂՀ նախագահական ընտրությունների արդյունքները դեռ չեն ամփոփվել: Ըստ նախնական արդյունքների, մեծ առավելությամբ հաղթել է պետության գործող նախագահ Բակո Սահակյանը: Նախնական տվյալներով` նա հավաքել է 47 հազ. 85 ձայն կամ ձայների  66,7%-ը: ԼՂՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիտալի Միխայիլի  Բալասանյանը ստացել է 22 հազար 966 ձայն կամ  32,5 տոկոսը: Հայաստանի պետական ագրարային համալսարանի Արցախի մասնաճյուղի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Իվանի Սողոմոնյանը ստացել է 594 ձայն կամ ձայների 0,8 տոկոսը: