Մադրիդում բյուջետային տնտեսման նոր միջոցառումների դեմ ցույցն ավարտվել է ոստիկանության հետ բախումներով:
Ցուցարարները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, վերջիններս էլ ռետինե գնդակներով կրակ են բացել: Արդյունքում վիրավորվել է առնվազն 26 մարդ, որոնցից 6-ը տեղափոխվել են հիվանդանոց, եւս 7 մարդ ձերբակալվել է:
Բողոքի ակցիային, ըստ կազմակերպիչների, մասնակցել է 800 հազար մարդ, թեեւ ոստիկանությունը նշում է 25 հազարի մասին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Իսպանիայում զանգվածային ցույցերը շարունակվում են արդեն մեկ շաբաթից ավելի: Բյուջետային տնտեսման պլանի հրապարակման հաջորդ օրը` հուլիսի 12-ին, Մադրիդի փողոցներ էին դուրս եկել հանքափորները: Այն ժամանակ ցուցարարների ու ոստիկանության բախումների հետեւանքով 76 մարդ էր տուժել:
Զանգվածային ակցիա է կայացել նաեւ Բարսելոնում, որտեղ ըստ կազմակերպիչների, 400 հազար մարդ է փողոց դուրս եկել (ոստիկանությունը նշում է 40 հազարի մասին): Հակակառավարական ակցիաներ են տեղի ունեցել Իսպանիայի ավելի քան 80 քաղաքներում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Թեեւ ցույցերն սկսվել են մեկ շաբաթ առաջ, սակայն ամենաբազմամարդ ակցիան կայացել է երեկ:
Իսպանիայի կառավարությունը բյուջեի կրճատման նպատակով ավելացրել է վաճառքի հարկը, չեղյալ հայտարարել բնակարանների գնորդների հարկային արտոնությունները, կրճատել գործազրկության նպաստները եւ հրաժարվել պետծառայողների տարեկան պարգեւավճարներից:




























