Եվրամիության եւ Հայաստանի պատվիրակությունները համարյա ավարտել են բանակցությունները վիզային ռեժիմի փոփոխման վերաբերյալ: Այդ մասին այսօր` հուլիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ժամանակավոր հավատարմատար Օննո Սիմոնսը: Նրա խոսքով` արդեն հաջորդ տարվա կեսերից հնարավոր է ԵՄ-ի հետ դյուրացված վիզային ռեժիմի ներդրում, կնվազեցվի վիզաներ ստանալու ծախսը:

Վիզային ռեժիմի դյուրացման բանակցությունները տարվում են ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի նախապատրաստման շրջանակներում: Ըստ Օ. Սիմոնսի` ԵՄ-ի հետ ազատ առեւտուր անելու համար Հայաստանը պետք է արտադրության պայմանները մոտեցնի եվրոպական նորմերին, ընդհուպ մինչեւ հին սարքավորումներն ու տեխնոլոգիաները փոխելու միջոցով: Կարեւորվում են նաեւ ֆիտոսանիտարական եւ սանիտարական նորմերը` սպառողների անվտանգությունն ապահովելու համար:

ԵՄ պաշտոնյան կարեւորեց նաեւ Հայաստանում ազատ մրցակցային միջավայրի ստեղծումը, որը, նրա կարծիքով, Հայաստանի կառավարությունից շատ ջանքեր է պահանջելու: