Ադրբեջանի ԱԻՆ-ը եւ Գլխավոր դատախազությունը համատեղ հայտարարություն են տարածել Հեյդար Ալիեւի կենտրոնի հրդեհի կապակցությամբ:

Հրդեհի պատճառները պարզելու նպատակով քրեական գործ է հարուցվել ԱՀ-ի ՔՕ-ի 225.2 հոդվածով (հրդեհային անվտանգության կանոնների խախտում), քննչական օպերատիվ կազմում են ԱԻՆ-ի հրդեհի պատճառները հետազոտող լաբորատորիայի մասնագետները, արդարադատության նախարարության դատաբժշկական-քննչական կենտրոնի փորձագետները եւ իրավապահ մարմինների այլ բարձրակարգ մասնագետներ:  Հրդեհի պատճառների եւ քննության արդյունքների վերաբերյալ հանրությունը լրացուցիչ կիրազեկվի, հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 20-ի առավոտյան ուժեղ հրդեհի հետեւանքով Բաքվում ամբողջովին այրվել էր Հեյդար Ալիեւի կենտրոնի մի մասը` երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւայի հիմնական գույքը:  

Հրդեհն սկսվել է տեղական ժամանակով ժամը 11.00-ին: Հրդեհի պատճառը դեռեւս անհայտ է: Շրջակայքը 2 կմ շառավղով  պատված է ծխով: 

Հրդեհը չեն կարողացել մարել 2 ժամվա ընթացքում: Մարման աշխատանքներին  գործարկվել են 50 հրշեջ մեքենաներ եւ ուղղաթիռներ: Հրդեհի մարումը դժվարանում է  շենքի բարդ ճարտարապետության եւ ուժեղ քամու պատճառով:

Հեյդար Ալիեւի կենտրոնը առաջին տիկին Մեհրիբան Ալիեւայի սիրելի վայրն է: Այստեղ են բերում պաշտոնական բոլոր հյուրերին, որտեղ նրանց ծանոթացնում են «համազգային առաջնորդ Հեյդար Ալիեւի» ` խորհրդային տարիների ամենակաշառակեր բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի ժառանգությանը: Հեյդար Ալիեւի կենտրոնը եւ առաջին տիկնոջ գլխավորած  «Հեյդար Ալիեւի հիմնադրամը» կարեւոր դեր են խաղում նաեւ հակահայկական հիստերիայի սրման, ղարաբաղյան հիմնախնդրի կեղծ պատմության տարածման գործում: