Հայաստանի ոստիկանությունում չեն նշում նրանց անունները, ովքեր մայիսի 4-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության հանրահավաք-համերգին Հանրապետության հրապարակը զարդարելու համար փուչիկներ էին պատվիրել: Հիշեցնենք, որ մեթանով լցված փուչիկները պայթել էին` վնասելով 154 մարդու:
Հուլիսի 20-ի մամուլի ասուլիսում Հայաստանի ոստիկանության Քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը հաստատել է, որ գործի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել քաղաքացուն, որը փուչիկները սխալ գազով էր լիցքավորել: Նա նաեւ նշել է, որ սկզբնապես գործը հարուցվել էր բռնկվող նյութերի պահման, տեղափոխման. օգտագործման կանոնների խախտման մասին հոդվածի համաձայն:
Սակայն հաշվի առնելով, որ այդ մեղադրանքները չեն արտացոլում գործողությունները, քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների արտադրության կամ իրացման համար: Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, մեղադրանք է ներկայացվել Սերոբ Բոզոյանին, որը գազով փուչիկներ է լիցքավորում: Նա որեւէ կազմակերպությունում չի աշխատում, այլ ընդունում է անհատական պատվերներ:
Ըստ Համբարձումյանի`Հանրապետության հրապարակ 7 հազար փուչիկների մատակարարելու վերաբերյալ գրավոր համաձայնություն չի եղել: Ընդ որում, Ոստիկանության ներկայացուցիչը խուսափել է պատվիրատուների անունները տալուց, ասելով, որ գործը շուտով կփակվի, եւ ամեն ինչ կպարզվի: Պարզ չի նաեւ այն հարցը, թե պայմանավորվել են արդյոք պատվիրատուներն` ինչով լցնել փուչիկները: «Վերջիվերջո, նա ինքն էլ պետք է հասկանար, թե որքան վտանգավոր են իր գործողությունները», - ընդգծել է Գագիկ Համբարձումյանը:




























