Սիրիայի հատուկ ծառայությունների ղեկավար, գեներալ Հիշամ Բահթիյարը մահացել վերքերից, որոնք ստացել է երկու օր առաջ Դամասկոսում Ազգային անվտանգության ծառայության շտաբ-բնակարանի մոտ տեղի ունեցած պայթյունի ժամանակ: Այս մասին հայտնել է լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաալիքը, որը պատկանում է Սիրիայի իշխանություններին աջակցող «Հզբոլլահ» շարժմանը:
Իր հերթին, Մոսկվան եւ Արեւմուտքը միմյանց մեղադրանքներ են հղել Սիրիայի հարցում ունեցած տարաձայնությունների առիթով: Մոսկվան անընդունելի է համարում, երբ Սիրիայում ստեղծված վիճակի պատասխանատվությունը դրվում է Ռուսաստանի վրա, քանի որ վերջինս վետո է դրել ՄԱԿ-ի ԱԽ «արեւմտյան» բանաձեւի վրա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Նա նշել է, որ Սիրիայի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել բռնությամբ կամ ահաբեկչական գործողություններով:




























