«Մենք Լեռնային Ղարաբաղը չենք ճանաչում իբրեւ անկախ պետություն եւ չենք կարծում, որ խաղաղ գործընթացի արդյունքները կարող էին կախված լինել այնտեղ անցկացվող ընտրություններից»: Այդ մասին, այսօր` հուլիսի 20-ին, ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:
«Ցանկանում եմ ընդգծել, որ Ռուսաստանը հետեւողականորեն կողմ է հանդես գալիս ղարաբաղյան հակամարտության քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորմանը` ՄԱԿ-ի Կանոնադրության, Հելսինկյան ամփոփիչ ակտի եւ ԵԱՀԿ-ի ու ՄԱԿ-ի այլ հիմքային փաստաթղթերին եւ, մասնավորապես, դրանցում առկա ուժ կամ սպառնալիքներ չկիրառելու, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքների վրա հիմնվելով»,- Լուկաշեւիչի խոսքերը մեջբերում է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքը:
Լուկաշեւիչը հավելել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու այլ համանախագահների հետ կշարունակի հակամարտող կողմերի հետ աշխատանքը`2009 - 2012թթ. ընթացքում Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունների դրույթները հիմք ընդունելով:




























