Ռուսաստանին, Չինաստանին եւ Սիրիայի մյուս դաշնակիցներին չի հաջողվի պահպանել Ասադի իշխանությունը: Այս  մասին NEWS.am-ի թղթակցին ասաց արաբագետ, ԵՊՀ դասախոս Երվանդ Մինասյանը: Նրա խոսքով` չնայած Մոսկվան ու Պեկինը անում են հնարավորը` Սիրիայի շուրջ լարվածությունը թուլացնելու համար, սակայն այն աճում է:

«Դամասկոսի վրա ճնշումը չափազանց ուժեղ է: Երկրում քաղաքացիական պատերազմ է, տասնյակ հազարավոր փախստականների հոսք կա, ագրեսիվ հարեւանը` Թուրքիան, մի կողմից, զինված ընդդիմությունն աջակցություն է ստանում դրսից... Բաշար Ասադի իշխանությունը շուտով կփլուզվի»,-նշեց արաբագետը` հիշեցնելով նաեւ Սիրիայի փաստացի շրջափակման մասին:

«ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները չեն շտապում ներխուժել, սպասում են մինչեւ  Դամասկոսը վերջնականապես թուլանա: Դա ձեռնտու է Արեւմուտքին,  քանի որ այդ երկիրն իրեն քայքայում է ներսից, տնտեսությունը թուլանում է օրեցօր: Ով էլ գա իշխանության` լինի լիբերալ, ազայնական թե իսմալիստ,  կհայտնվի կոտրած տաշտակի առջեւ: Այդ քաղաքացիական պատերազմից հետո ցանկացած իշխանություն ստիպված կլինի երկիրը վերականգնել մոխրից»,-նշեց զրուցակիցը:

Պատասխանելով հարցին, թե հնարավոր է, որ սիրիական սցենարը հանգեցնի տարածաշրջանում եւս մեկ իսլամական միավորի առջացմանը, արաբագետն ասաց. «Սիրիան անդունդ է գլորվում, եւ դա ցավալի է:  Սակայն անպայման չէ, որ Ասադից հետո երկրում իշխանության գան հենց իսլամիստները: Լիբիայի դեպքում, օրինակ, հակառակ բոլոր կանխատեսումենրի, իշխանության եկան լիբերալները: Եգիպտոսում  իշխանության ղեկին «Մահմեդական եղբայրներն են», սակայն նրանք այնտեղ են ժողովրդավարական ճանպարհով` ժողովրդի ընտրությամբ: Կարեւոր չէ, թե ով է իշխանությունում, կարեւորն այն է, որ այն այտեղ գտնվի օրինական կերպով»: