Վերջին տարիներին ավելացել է Մերձավոր Արեւելքի երկրներից Հայաստան ժամանող օտարերկրացիների թիվը, ովքեր ցանկանում են Հայաստանի քաղաքացիություն ստանալ: Այս մասին այսօր` հուլիսի 20-ին, մամուլի ասուլիսում նշել է Հայաստանի փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը:

Հարցին, թե եղե՞լ են դեպքեր, երբ քաղաքացիություն տրամադրելու համար կաշառք են պահանջել, Օսիկյանն առաջարկեց բոլոր նման փաստերի դեպքում հայտնել իրենց: Նրա խոսքով, քաղաքացիություն տրամադրելը կարող է երկար տեւել, մինչեւ մեկ տարի, սակայն ազգությամբ հայերի համար գործում է պարզեցված կարգ: Կա մտադրություն պարզեցված կարգ մտցնել նաեւ արտասահմանում վիզաների տրամադրման հարցում:

Արթուր Օսիկյանը նաեւ հաստատեց տեղեկությունները, որ ՀՀ քաղաքացիների անձնագրերը վերջերս սկսել են տպագրել նաեւ Հայաստանի տարածքում:

Նախկինում դրանց տպագրությամբ զբաղվում էր բացառապես ֆրանսիական ընկերությունը:

Օսիկյանը հավաստիացրեց, որ ոստիկանությունում անձնագրերի դեֆիցիտ չկա, ուղղակի անձնագիր ստանալու ցանկություն ունեցողների թիվը բավական մեծ է: