Կոտ դ’Իվուարում փախստականների ՄԱԿ-ի պաշտպանության տակ գտնվող Նահիբլի ճամբարի վրա կատարված հարձակման արդյունքում 7 մարդ զոհվել, եւս 13-ը վիրավորվել են:

Ինչպես Reuters-ին վկայակոչելով հաղորդում է rbc-ն, հարձակման պահին  ճամբարում  2011թ. երկրում սկսված ռազմական գործողությունների պատճառով փախուստի դիմած եւ այնտեղ ապաստանած 5 հազար մարդ է եղել: Նահիբլին Կոտ դ’Իվուարի քաղաքացիական պատերազմի փախստականների միակ գործող ճամբարն է:

Ներկա պահին ճամբարի վրա հարձակվողների ինքնությունը չի ճշտվել: Հաղորդվում է, որ նրանց թիվը գրեթե 40 է եղել: ՄԱԿ-ը հետաքննություն է վարում:

Հիշեցնենք, 2012թ. հունիսի 12-ին Կոտ դ’Իվուարում գրոհայինների հարձակման արդյունքում 7 խաղաղապահներ էին զոհվել, որոնք հերթապահում էին Լիբերիայի սահմանին գտնվող Թայ քաղաքի շրջակայքում: Տվյալ միջադեպը Կոտ դ’Իվուարում 2011թ. ռազմաքաղաքական ճգնաժամի ավարտից հետո նմանատիպ առաջին դեպքն էր, երբ գրոհայինների թիրախ էին դառնում խաղաղապահները: