Բուլղարիայում իսրայելցի զբոսաշրջիկների վրա գրոհայինների հարձակման հետեւում կարող է կանգնած լինել լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը: Այդ մասին, «Կոմերսանտ Նովոստիի» փոխանցմամբ, հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջորջ Լիթլը:

«Ռազմական գերատեսչությունը դեռեւս վերջնական եզրակացության չի հանգել», - Լիթլին մեջբերում է Agence France-Presse-ը:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, բուլղարական Բուրգաս քաղաքում՝ տեղի օդանավակայանից ոչ հեռու, հուլիսի 18-ին պայթել է իսրայելցի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը, ինչի արդյունքում, վերջին տվյալներով, 7 մարդ զոհվել, եւս 29-ը վիրավորվել են:

Ժամանելով Բուրգասի օդանավակայան, Իսրայելի քաղաքացի զբոսաշրջիկներն ավտոբուս են նստել: Մի քանի րոպե անց պայթյուն է որոտացել:

Իսրայելցի զբոսաշրջիկների վրա հարձակումն իրագործել է մահապարտ-ահաբեկիչը, զոհերի մեջ գտել են նաեւ նրա դիակը: Նա մարզահագուստով է եղել, երկար մազերով: Պայթյունի արդյունքում նրա դեմքը բավական այլանդակվել է, սակայն գրպանում հայտնաբերել են ԱՄՆ-ի քաղաքացու` Միչիգանի բնակչի կեղծ անձնագիր:

Ինչպես պարզվել է, ոչ ՀԴԲ-ի, ոչ Բուլղարիայի սահմանապահ ծառայության բազաներում այդ քաղաքացու մասին տվյալներ չկան: Միանգամայն անհասկանալի է` ինչպես է նա մտել երկիր եւ որտեղ է հանգրվանել:

Բուրգասը երկրում բնակչության թվով չորրորդ քաղաքն է եւ մշակութային ու տնտեսական կարեւոր կենտրոն: