Ինգուշիայի ամենախոշոր քաղաքում` Նազրանում, հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը չարագործների խումբը կրակ է բացել երկաթգծի կայարանի շենքի վրա:

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը, կրակ են բացել ավտոմատ զենքերից եւ նռնականետից: Միջադեպը տեղի է ունեցել Նազրայի Հաղթանակի փողոցում: Երկու անհայտ անձ «Ժիգուլի» մեքենայով մոտեցել են կայարանի շենքին եւ սկսել են կրակել շենքի ճակատային մասի վրա: Հարձակման հատեւանքով կայարանում ոչ ոք չի տուժել, իսկ շենքն աննշան վնասվել է:

Միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ «խուլիգանություն» եւ «Ապօրինի զենք-զինամթերք եւ պայթուցիկ նյութեր կրելը, տեղափոխելը, իրացնելը» հոդվածների հատկանիշներով:

Մինչ այժմ անհայտ է, թե ինչու են գիշերով նռնականետից կրակ բացել կայարանի շենքի վրա: