Աշտարակի բաժնի ծառայողները, հուլիսի 20-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության Աշտարակ քաղաքի Ե. Շահազիզի եւ Վանի Հերոսների փողոցների խաչմերուկի հարեւանությամբ գտնվող այգում թմրամիջոց պատրաստելու եւ ներարկվելու պահին բերման են ենթարկել 46-ամյա Նորայր Պ.-ին եւ 36-ամյա Հայկ Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշված վայրից հայտնաբերվել են ներարկիչներ, մետաղյա թաս, սրվակ, տարաներ եւ շշեր` հեղուկներով, «Պենտալգին» դեղահաբի դատարկ տուփ, բամբակ եւ 4 տուփ լուցկի:
Հայկ Մ.-ն խոստովանել է, որ ներարկիչներից մեկում առկա թմրամիջոցն ինքն է պատրաստել իրենց օգտագործման համար, իսկ մյուսում եղածն արդեն օգտագործել է:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նորայր Պ.-ն եւ Հայկ Մ.-ն ներկայացվել են դատաքիմիական փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:




























