Բրունեյում շաբաթ ռազմական ուղղաթիռի աղետի հետեւանքով զոհերի թիվը հասել է 12-ի, հաղորդում է «Ֆրանսպրեսը»` վկայակոչելով սուլթանության զինվորական հրամանատարությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր տասը զոհի եւ երկու վիրավորի մասին, եւս երկուսի ճակատագիրն անհայտ էր:
«Աղետի արդյունքում 12 մարդ է զոհվել, երկուսը ողջ են մնացել»,-ասել է զինվորական հրամանատարության ներկայացուցիչ Նուրիդին Սալեհը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Bell-212 ուղղաթիռը, որ Ուլու-Բելայիթ գյուղական շրջանից ուղեւորվել էր Բրունեյի մայրաքաղաք Բանդար-Սերի-Բեգավան, անհայտ պատճառներով վթարի է ենթարկվել: Ուղղաթիռում հիմնականում կուրսանտներ են եղել, որոնք դաշտային ուսումնավարժանքներից տուն էին վերադառնում:




























