Պայթյունը եւ դրան հաջորդած հրդեհը խափանել են կրկնակի նավթատարի գործունեությունը Թուրքիայի հարավ-արեւելքում, որը իրար է կապում Իրաքի Քիրքուք քաղաքը թուրքական միջերկրածովյան Ջեյհան նավահանգստի հետ, հաղորդում է «Ասոշեյթեդ փրես»-ը` վկայակոչելով Թուրքիայի էներգետիկայի նախարարության իր աղբյուրը:

Պայթյունի հետեւանքով տուժածներ չկան:

Գործակալության անանուն աղբյուրի փոխանցմամբ, պայթյունը տեղի է ունեցել այսօր` հուլիսի 20-ի ուշ երեկոյան` Միդյաթ քաղաքի մոտ: Միջադեպի հետեւանքով, զուգահեռ տեղակայված խողովակաշարերից մեկը լրջորեն վնասվել է, մյուսն անվնաս է մնացել, սակայն երկրորդի աշխատանքը եւս դադարեցվել է անվտանգության նկատառումներից ելնելով:

Աղբյուրի փոխանցմամբ, հրշեջները մինչ այժմ փորձում են մարել կրակը, որից հետո միայն կսկսվեն վերականգնողական աշխատանքները:

Պայթյունի պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում, սակայն, հավանական է, որ այն կազմակերպել են Թուրքիայի այդ շրջանում գործունեություն ծավալող PKK-ի ապտամբները: Հաղորդագրության մեջ նշվում է, որ նրանք առաջին անգամ չէ, որ պայթեցնում են նավթատարը:

PKK-ն (Քրդական բանվորական կուսակցություն) ՄԱԿ-ի եւ Եվրամիության կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն, որը շուրջ քառորդ դար պայքարում է Թուրքիայի հարավ-արեւելքում քրդական ինքնավարություն ստեղծելու համար: PKK-Թուրքիա հակամարտության ընթացքում ավելի քան 40 հազար մարդ է զոհվել: