Որոտանի կասկադ ՀԷԿ-ի շահույթը 2011 թվականին կազմել է 673,3 մլն դրամ (շուրջ 1,63 մլն դոլար): Միաժամանակ, 2010 թվականն ընկերությունը փակել է 2,16 մլրդ դրամ վնասով:

Ընկերության գլխավոր հաշվապահ Արայիկ Դադունցը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ եկամուտներն աճել են բաշխիչ ցանցին էլեկտրաէներգիայի թողարկման սակագնի ավելացման շնորհիվ:

Հիշեցնենք, որ Որոտանի կասկադ ՀԷԿ-ի երկդրույք սակագինը 2010-ին կազմել է 0,962 դրամ` մեկ Կվ/ժամի համար (առանց ԱԱՀ-ի) եւ 178,81 դրամ` պայմանագրային հզորության մեկ Կվ/ժամի համար (առանց ԱԱՀ-ի):

2011 թվականին սակագինը ավելացել է մինչեւ 3,7 դրամ մեկ Կվ/ժամի համար (առանց ԱԱՀ-ի) եւ 179,17 դրամ` պայմանագրային հզորության մեկ Կվ/ժամի համար (առանց ԱԱՀ-ի):

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այս տարվա փետրվարի 22-ի որոշմամբ, Որոտանի կասկադ ՀԷԿ-ի համար բաշխիչ ցանցերին էներգիայի վաճառքի սակագները կրկին ավելացել է հասնելով 4,078 դրամի մեկ Կվ/ժամի համար (առանց ԱԱՀ-ի) եւ 189,19 դրամի` պայմանագրային հզորության մեկ Կվ/ժամի համար (առանց ԱԱՀ-ի):

2010 եւ 2011 թվականներին Որոտանի կասկադ ՀԷԿ-ն արտադրել է շուրջ 1,2 մլրդ Կվ/ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2011-ին կազմել է Հայաստանի ողջ գեներացիայի 16 տոկոսը:

Որոտանի կասկադ ՀԷԿ-ը բաղկացած է 3 էլեկտրակայաններից` Սպանդարյանի (հաստատված հզորությունը` 76 ՄՎտ), Շամբի (171 ՄՎտ) եւ Տաթեւի (157,2 ՄՎտ): Որոտանի կասկադ ՀԷԿ-ի 100 տոկոսի սեփականատերը Հայաստանի կառավարությունն է: