Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որով տպագիր մամուլում եւ համացանցում արգելվում է ալկոհոլի գովազդը, հուլիսի 21-ին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ալկոհոլային խմիչքների, այդ թվում` գարեջրի օգտագործման ծավալների նվազման համար պայմաններ ստեղծելու նպատակով դաշնային օրենքով նախատեսվում է սահմանափակումներ մտցնել պարբերաբար տպագրվող հրատարակություններում եւ համացանցի տեղեկատվա-հեռահաղորդակցման բնագավառում ալկոհոլային արտադրանքի գովազդի տեղակայման համար», – ասվում է մամուլի ծառայության տարածած տեղեկանք-հիմնավորման մեջ:
Փաստաթուղթը համացանցում ալկոհոլի գովազդի արգելքը սահմանում է դրա պաշտոնական հրապարակման պահից սկսած, իսկ տպագիր մամուլի համար այն կսկսի գործել 2013թ. հունվարի 1-ից: Կես տարվա անցումային ժամկետը գովազդատուների հետ պայմանագիր կնքած տպագիր լրատվամիջոցներին հնարավորություն կտա կատարել պարտավորությունները:
Գործող օրենսդրությանը համապատասխան`5 եւ ավելի տոկոս էթիլային սպիրտի պարունակությամբ ալկոհոլի գովազդն արդեն արգելված է թերթերի առաջին եւ վերջին էջերին, ամսագրերի շապիկներին, հեռուստատեսությամբ, ռադիոյով, գովազդային ցուցանակներին եւ տրանսպորտային միջոցների վրա:
Հուլիսի 23-ից 5 եւ ավելի տոկոս թնդությամբ ալկոհոլի գովազդը կթույլատրվի միայն ալկոհոլի մանրածախ վաճառք իրականացնող առեւտրային կետերում, գրում է gazeta.ru-ն:




























