Սիրիայի ազգային անվտանգության ծառայության եւ պաշտպանության նախարարի սպանությունից հետո իրավիճակը երկրում կտրուկ լարվել է: Այս մասին, այսօր` հուլիսի 21-ին, մամուլի ասուլիսում նշել է արաբագետ Արմեն Պետրոսյանը: Նրա կարծիքով, հաջող գործողությունը մի կողմից ոգեւորել է սիրիական ընդդիմությանը, մյուս կողմից էլ վճռական գործողությունների կմղի նախագահ Բաշար Ասադին եւ նրան աջակցող ուժերին:

«Ասադը դեռ բավական ուժեղ է, որպեսզի կարողանա ավելացնել ճնշումը ընդդիմության վրա ողջ երկրով մեկ: Սկսվեն զտումներ, իսկ ընդդիմությունն էլ ավելի կտրուկ քայլեր ու սադրանքներ կձեռնարկի»,-ասել է Պետրոսյանն, ընդգծելով, որ բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունը, հնարավոր է, պլանավորված պետական հեղաշրջման փորձ լինի:

Ասուլիսի մյուս բանախոսը` արաբագետ Սարգիս Գրիգորյանը համաձայնել է գործընկերոջ հետ, ընդգծելով, որ այսօր որոշիչ գործոններ են հենց այդ երկու կողմերը` իշխանությունն ու զինված ընդդիմությունը: Նրա խոսքով, այդ երկու կողմերի արտաքին հովանավորները խաղադրույքը կատարել են ներքին խաղի վրա եւ սպասում են, մինչեւ այս կամ այն կողմը ճաք տա, որպեսզի դրա հիման վրա քայլեր ձեռնարկվեն:

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե որքանո՞վ է հավանական Արեւմուտքի կողմից ռազմական ներխուժումը Սիրիա, փորձագետը պատասխանել է. «Հավանական չէ: Արեւմուտքն ու ՆԱՏՕ-ն այսօր չունեն բավարար ռեսուրսներ, հակառակ դեպքում վաղուց հարձակված կլինեին: Այսօր Ռուսաստանի եւ Չինաստանի դիրքորոշումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում շատ հարմար պատճառաբանություն է, որը թույլ է տալիս Արեւմուտքին արդարացնել իր ռազմական անգործությունը»,-նշել է նա:

Արաբագետի խոսքով, Սիրիայում ՆԱՏՕ-ի ռազմական գործողությանը խոչընդոտում են նաեւ մի շարք այլ գործոններ, այդ թվում Ռուսաստանի խիստ դիրքորոշումը եւ Սիրիայի 200-հազարանոց բանակի մարտունակությունը, որը վատ չի զինված:

Երկու արաբագետներն էլ նշեցին, որ Սիրիայում իրավիճակը շարունակելու է լարվել, սակայն դրսից ռազմական միջամտության մասին դեռ վաղ է խոսել: Նրանք դժվարացան ասել, թե սիրիական հակամարտությունում ով հաղթող դուրս կգա: