Հնդկաստանում ուղեւորատար ավտոբուսի անդունդն ընկնելու հետեւանքով 18 մարդ զոհվել, եւս 17-ը վնասվածքներ են ստացել: Այդ մասին այսօր հաղորդել են տեղի իշխանությունները, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ավտոբուսն ընթանալիս է եղել երկրի հյուսիսարեւելյան լեռնային տեղանքով, երբ նրա վրա քարաթափ է սկսվել` պայմանավորված չդադարող մուսոնային անձրեւներով: Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից եւ գլորվել 45 մետրանոց անդունդը:
Հնդկաստանը վթարների հետեւանքով զոհերի քանակությամբ աշխարհում առաջին երկրներից մեկն է: Ըստ վիճակագրության` ամեն տարի շուրջ 110 հազար հնդիկներ են զոհվում ավտովթարներից: Դրա գլխավոր պատճառը վատ ճանապարհներն են, մեքենաների տեխնիկական վիճակը, ինչպես նաեւ ճանապարհային երթեւեկության կանոնների մշտական խախտումները:




























