Սիրիայի պետական հեռուստատեսությունը Դամասկոսում ոչնչացված գրոհայինների բազմաթիվ դիակներ է ցուցադրել: Ինչպես նշվում է տեղեկատվական ծրագրի սյուժեում, սիրիական զինված ուժերը մաքրում են մայրաքաղաքային Ալ Միդան թաղամասը մարտերում հաղթած վարձկան ահաբեկիչներից: Զինվորականներին հաջողվել է մեծ քանակությամբ զենք, ականանետներ, պայթուցիկներ եւ կապի միջոցներ առգրավվել: Բացի գրոհայինների դիակներից` ցուցադրվել են նաեւ տասնյակ ձերբակալվածներ` կապված ձեռքերով եւ ծնկի իջած:
Սյուժեում սիրիական զինվորներն ու սպաները խոսում են Դամասկոսի խաղաղությունը եւ հանգստությունը խաթարող բոլոր ահաբեկիչներին ոչնչացնելու իրենց վճռականության մասին: Սիրիայի պետհեռուստատեսությունը նաեւ հայտնել է, որ զինվորականները կանխել են ահաբեկիչների հարձակումը Հալեպ նահանգի ոստիկանական դպրոցի վրա:
Իր հերթին, սիրիական պետական տեղեկատվական «ՍԱՆԱ» գործակալությունը տարածել էր երկրի տեղեկատվության նախարարության հայտարարությունը պետհեռուստառադիոյի նկատմամբ նախապատրաստվող սադրանքի վերաբերյալ: Ըստ հայտարարության` երկրի սահմաններից դուրս արբանյակային հեռուստաալիք է ստեղծվել: «Այդ ալիքը կարող է հայտնվել այն նույն հաճախականություններում, որոնցով այժմ հեռարձակվում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը, ցանկացած պահի, երբ արեւմտյան ընկերությունները կընդհատեն Դամասկոսից իսկական հեռարձակումը», - նախազգուշացնում է գերատեսչությունը:
Հայտարարության մեջ արտասահմանյան հեռուստադիտողին կոչ է արվում ուշադիր հետեւել ծրագրերի բովանդակությանը եւ հեռուստահաղորդավարներին:




























