ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունն իր օգնականին Սիրիա կուղարկի` ընթացիկ վիճակի գնահատման համար: Այդ մասին նա հայտարարել է Ադրիատիկ ծովի Բրիոնի կղզում Խորվաթիայի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Ես այս օրհասական պահին Սիրիա եմ ուղարկում խաղաղարար գործողությունների գծով իմ տեղակալին, ինչպես նաեւ ՄԱԿ-ի դիտորդական առաքելության բարձրաստիճան ռազմական խորհրդատուի` երկրում ընթացիկ վիճակի գնահատման համար», - ասել է նա:

Բան Կի-մունն ուրբաթ օրը մեկնել էր Խորվաթիա` բալկանյան շրջագայության  շրջանակներում: Այսօր նա հանդիպումներ կունենա նախագահ Իվո Իոսիպովիչի, վարչապետ Զորան Միլանովիչի եւ ԱԳՆ-ի ղեկավար Վեսնա Պուսիչի հետ: Երեկոյան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմեկնի Պուլա քաղաք, որտեղ կբացի 59-րդ միջազգային կինոփառատոնը: