Եգիպտոսի դատարանը հեռակա կարգով 1,5 տարվա ազատազրկման է դատապարտել Ժողովրդական ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավոր Ալի Վանիսին` հասարակական վայրում անպարկեշտ վարքի համար, հաղորդում է «Մասրավի» ինտերնետ-պորտալը:
Ամառվա սկզբին Եգիպտոսի ճանապարհային ոստիկանությունը Վանիսին հայտնաբերել է Կահիրե-Ալեքսանդրիա մայրուղու վրա կայանված մեքենայում` թեթեւաբարո աղջկա ընկերակցությամբ, ով հագին նիկաբ է ունեցել (մահմեդական կանացի զգեստ, որն ամբողջությամբ ծածկում է դեմքն ու մարմինը):
Ոստիկանների փոխանցմամբ, սալաֆիների «Նուր» կուսակցության անդամ, պատգամավորին եւ նրա հետ գտնվող աղջկան բռնացրել են «այլասերված գործողություններ կատարելու պահին», հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Աղջկան ձերբակալել են: Վանիսը ձերբակալության պահին դիմադրություն է ցույց տվել ոստիկանությանը, այնուհետեւ հայտարարել է իր պատգամավորական անձեռնմխելիության մասին եւ լքել դեպքի վայրը:
Դատախազությունը պատգամավորի դեմ քրգործ է հարուցել եւ պահանջել զրկել նրան անձեռնմխելիությունից, սակայն քննության ամենաթեժ պահին զինվորական իշխանությունները ցրել են Ժողովրդական ժողովը եւ Վանիսն անհետացել է ու մինչ օրս թաքնվում է արդարադատությունից:
Դատարանը որոշել է հազար եգիպտական ֆունտի (շուրջ 200 դոլար) գրավ նշանակել` Վանիսի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու համար:
Պատգամավորի հետ գտնվող աղջիկը դատապարտվել է կես տարվա ազատազրկման, նա կարող է ազատ արձակվել 500 եգիպտական ֆունտ (մոտ 85 դոլար) վճարելու դեպքում:
Սա առաջին սկանդալային դեպքը չէ, երբ ուշադրության կենտրոնում են հայտնվում պահպանողական իսլամիզմի կողմնակից սալաֆիները, ովքեր հանդես են գալիս իսլամի մաքրության օգտին:




























