ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մեկնել է Կոլորադո նահանգի Ավրորա քաղաք` հանդիպելու կինոթատրոնում 24-ամյա Ջեյմս Հոլմսի կողմից իրականացված հրաձգության հետեւանքով զոհվածների եւ տուժածների ընտանիքների հետ:

Ինչպես CNN-ին վկայակոչելով հաղորդում է  Lenta.ru-ն, Օբաման ուղեւորվել է Կոլորադոյի համալսարանի հիվանդանոց, ուր տեղափոխվել էր տուժածների մեծամասնությունը:  Օբաման հանդիպել է նաեւ տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչներին:

Հիվանդանոց այցելելուց հետո Օբաման կարճ ելույթով է հանդես եկել. «Ես այստեղ եկել եմ ոչ որպես նախագահ, այլ որպես հայր եւ  տղամարդ»: Նա նաեւ ավելացրել է, թե «ամբողջ երկիրը ձեր մասին է մտածում»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր  NEWS.am-ը,  «Խավարի ասպետը. Լեգենդի վերածնունդը» ֆիլմի պրեմիերայի ժամանակ Ավրորայի Century 16 Movie կինաթատրոնում տեղի բնակիչ 24-ամյա Ջեյմս Հոլմսը հանդիսատեսների վրա կրակ էր բացել:  Նա դահլիճ էր մտել, երբ արդեն ֆիլմն սկսվել էր, եւ լուռ կրակ էր բացել: Ֆիլմի եւ իրականության հնչյունները միահյուսվել են, այդ պատճառով էլ մարդիկ միանգամից չեն հասկացել, թե ինչ է կատավում: Երբ հանդիսատեսները վազել են ելքի մոտ, սկսվել է հրմշտոցը: Տղամարդը ծխաբեր ռումբ է պայթեցրել, այնուհետեւ անվրդով տեսքով կրակ է բացել հանդիսատեսների վրա, որոնք վազում էին դեպի ելքը:

Ջեյմս իրեն երեւակայել էր այդ պատմության գլխավոր հերոսներից մեկը` «Ջոքերը»: Նմանվելու համար նա նույնիսկ մազերն էր ներկել: