Մադագասկարի կառավարական զորքերը գրավել են մայրաքաղաքային զորամասը, որտեղ հուլիսի 22-ին ապստամբել էին զինվորականները:
Ինչպես Agence France-Presse-ին վկայակոչելով հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ներկայումս մաքրվում է տարածքը:  Գրոհի ժամանակ սպանվել է ապստամբների ղեկավարը, իսկ մյուսները հանձնվել են եւ ձերբակալվել: Գործողության ընթացքում վիրավորվել են 2 զինծառայողներ, հաղորդում է  Reuters-ը:

Մադագասկարի պաշտպանության նախարար Անդրե Լյուսիեն Ռակոտոարիմսին ավելի վաղ հայտարարել էր, որ ապստամբության հետեւում կանգնած է Պաշտպանության նախկին նախարար Նոել Ռակոտոնանդրասանի թիկնապահը, որը գտնվում է բանտում` 2010 թվականի զինվորական հեղաշրջման փորձից հետո:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր  NEWS.am-ը, հուլիսի 22-ին Մադագասկարում զինվորական ապստամբություն Էր սկսվել: Զինվորնները գրոհել եւ զավթել էին երկրի մայրաքաղաք Անտանանարիվուի օդանավակայանի մոտ գտնվող զինվորական ճամբարը: Այնուհետեւ նրանք կրակել էին  իրենց մոտ բանակցությունների ուղեւորված բանակի սպային: 

Մադագասկարում արդեն 3 տարի է շարունակվում է քաղաքական ճգնաժամն այն բանից հետո, երբ երկրի նախկին նախագահ Մարկ Ռավալումանան ստիպված էր լքել կղզին եւ մեկնել Հարավային Աֆրիկա: 2011 թվականին նա մեղավոր էր ճանաչվել 30 ընդդիմադիր ցուցարաների մահվան մեջ, որոնք սպանվել էին 2009 թվականին նախագահական գվարդիայի կողմից Ռավալումանանիի փախուստին հանգեցրած բողոքների ժամանակ: